FCA (Free Carier)

Ըստ այս պայմանի՝ վաճառողի պարտականությունները համարվում են կատարված այն պահից, երբ նա իրականացրել է արտահանման ձևակերպումները և ապրանքը հանձնել գնորդի երաշխավորած փոխադրողին՝ նշված կետում: Եթե պայմանագրում կոնկրետ նշված չէ այդ կետը, ապա վաճառողը տվյալ տարածաշրջանի տիրույթում ինքն է ընտրում այն: Այս պայմանը շատ է կիրառվում տրանսպորտի ժամանակակից միջոցներով փոխադրելու ժամանակ (կոնտեյներներ, հորիզոնական բեռնման-բեռնաթափման նավեր):

Վաճառողը պարտավոր է.

  • Հանձնել ապրանքը և պայմանագրով սահմանված ու պահանջվող բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են բեռին,
  • Կատարել արտահանման մաքսային ձևակերպումները,
  • Թեպետ փոխադրումը չի մտնում վաճառողի պարտականությունների մեջ, բայց նա կարող է ձևակերպել այն՝ գնորդի ռիսկի և ծախսերի հաշվին, ըստ նախնական համաձայնության,
  • Ապրանքը հանձնել գնորդի կամ իր կողմից ընտրված փոխադրողին: Այստեղ հնարավոր է երկու դեպք. նախ՝ երբ բեռն ամբողջությամբ բարձվում է տրանսպորտային միջոցի վրա՝ տվյալ տրանսպորտային միջոցի ամբողջ տոննաժի ծավալով, և երկրորդ՝ երբ բեռն ամբողջությամբ չի բեռնվում տրանսպորտային միջոց: Այս դեպքում վաճառողն ապրանքը հանձնում է երթուղու ընդունման կետ, որտեղից և կատարվում է բարձումն իրենց հայեցողությամբ: Դրանից հետո վաճառողը համարում է իր պարտականություններն ավարտված:
  • Գնորդի խնդրանքով նրա ռիսկի և ծախսերի հաշվին օժանդակել նրան ցանկացած փաստաթղթի ստացման հարցում:

Գնորդը պարտավոր է.

  • Վճարել ապրանքի արժեքը,
  • Իրականացնել ներմուծմանն առնչվող բոլոր ծախսերն ու ձևակերպումները,
  • Իր անունից և իր հաշվին կնքել փոխադրման պայմանագիր
  • Վաճառողին տեղեկատվություն տրամադրել փոխադրողի անվան, նրա փոխադրամիջոցի և բեռը ստանալու ժամանակի վերաբերյալ: