Միջազգային բեռնափոխադրումների կարևոր փաստաթղթերից է բեռնագիրը (CMR): Միջազգային բեռնագիրը սովորաբար կազմվում է 3 բնօրինակից (առաքողին, փոխադրողին, ստացողին): Սակայն շատ հաճախ այն ձևակերպվում է մեծաքանակ օրինակներով, քանի որ յուրաքանչյուր մաքսային կետում պաշտոնական ծառայություններն իրենց են վերցնում 1-ական օրինակ՝ հաշվառման նպատակով:

Բեռնագրում պետք է նշված լինեն հետևյալ տվյալները.

  • կազմման տեղն ու ամսաթիվը,
  • առաքողի անվանումն ու հասցեն,
  • բեռի ընդունման տեղն ու ամսաթիվը և նշանակման վայրը,
  • բեռի բնույթն ու փաթեթավորման տեսակը,
  • փոխադրման ծախսերը,
  • մաքսային ձևակերպումների համար պահանջվող նշումները:

Բեռնագիրը ստորագրում են առաքողն ու փոխադրողը: Բեռի ընդունման ժամանակ փոխադրողը պարտավոր է ստուգել բեռնագրում նշված տեղեկությունները: Եթե փոխադրողը հնարավորություն չունի ստուգել առաքողի տվյալների ճշտությունը, բեռի արտաքին տեսքը և նրա փաթեթավորումը, ապա նա պետք է այդ մասին նշումներ կատարի բեռնագրում: Առաքողը պարտավոր է բեռնագրին կցել անհրաժեշտ փաստաթղթերը և փոխադրողին հայտնել մաքսային, սանիտարական ձևակերպումների իրականացման համար պահանջվող բոլոր տեղեկությունները: