Յուրաքանչյուր երկու տարին Հաննովերում տեղի է ունենում Եվրոպայում ամենամեծ տրանսպորտային IAA ցուցահանդեսը: Այս տարի հավաքված էր կոնցեպտ-մեքենաների մի հրաշալի հավաքածու, որոնք ներկայացնում էին բեռնափոխադրումների ապագայի համար նորամուծությունները:

Հիմնական խնդիրը մշակողներն իրենց առջև դրել են այլընտրանքային ուժային կայանների, անօդաչու տեխնոլոգիաների մշակումը, որոնց նպատակն է հեշտացնել ավտոտրանսպորտով խոշոր բեռնափոխադրումների կառավարումը:

Ըստ ավանդույթի, Հաննովերի ցուցահանդեսում հայտարարում են երեք միջազգային մրցույթների հաղթողների՝ «Տարվա ֆուրգոն», «Տարվա քաղաքային ավտոբուս» և «Տարվա բեռնատար»: Առաջինի դեպքում International Van of The Year 2019 կոչմանն արժանացավ նոր Peugeot Partner և հետաքրքիր է, որ այս մոդելի վաճառքը Եվրոպայում դեռևս չի սկսվել, բայց ֆոիրգոնն արդեն արժանացել է այդ հեղինակավոր մրցանակին: Peugeot-ի հետ այդ պատվավոր տեղը կիսում են Citroen Berlingo-ն և Opel Combo-ն:

«Տարվա բեռնատար» (Internation Truck of The Year 2019) մրցանակին արժանացավ Ford F-Max-ը` քարշակի թողարկումը՝ հագեցած 12,7լ դիզելով, 500 ձիաուժով և 12-քայլանի փոխանցումատուփով, կսկսվի ընթացիկ տարվա վերջում Թուրքիայում գտնվող Ford Otosan գործարանում: Շուկայում F-Max-ը կփոխարինի ներկայիս Cargo-ին:

Ford-ը Հաննովեր էր բերել նաև F-Vision քարշակը, ինչը իսկական անակնկալ էր ցուցահանդեսի այցելուների համար, քանի որ, ինչպես երևում է նկարից, խոսքը գնում է կոնցեպտի մասին: Ի դեպ, դրա մշակմամբ զբաղվել է նաև Թուրքիայում գտնվող Ford Otosan-ը, և, ինչպես նշում են դիզայներները, բեռնատարի ստեղծման ժամանակ ներշնչանքի հիմնական աղբյուրը եղել են… Marvel-ի սուպերհերոսները:

F-Vision-ի խցիկի ձևը, ինչպես և կցորդինը, պայմանավորված է հիմնավորապես մտածված աերոդինամիկայով. հանդես եկող էլեմենտներից աչքի են ընկնում կողքերին ամրացված բարձակները՝ տեսախցիկներով, որոնք փոխարինում են կողային հայելիներին: Կոնցեպտուալ քարշակի տեխնիկական մանրամասներով Ford-ից չկիսվեցին, հայտնի է միայն, որ այն հագեցած է էլեկտրական ուժասարքով և չորրորդ մակարդակի ավտոպիլոտ համակարգով: Ի տարբերություն Tesla Semi-ի, որը պիտի շուկա մտնի մի քանի տարուց, Ford-ում նման քարշակի թողարկման պլաններ դեռևս չկան:

Աղբյուր՝ auto.tut.by