Հայաստանի Հանրապետությունը կլինի ԵԱՏՄ երկրներից մեկը, որը կմիանա տրանզիտային ավտոմոբիլային բեռնափոխադրումների նոր համակարգի թեստավորմանը՝ էլեկտրոնային նավիգացիոն պլոմբաների օգտագործմամբ: Պլանավորվում է, որ փորձնական նախագիծը կիրականացվի մոտակա ժամանակները:

 Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենիյ Դիտրիխը՝ կառավարության նիստի ժամանակ:

««Տրանսպորտային շաբաթվա» ընթացքում ԵԱՏՄ երկրների նախարարների հետ ունեցանք հանդիպում, քննարկեցինք պլոմբավորման սարքավորումների ներդրման, մեր միջսահմանային անցակետերով անցնելու գործընթացի հետևման հարցերը:  Ղազախստանի հետ արդեն մշակել ենք փորձնական նախագիծը, մոտակա ժամանակներս կիրականացնենք նաև Հայաստանի և մեր այլ գործընկեր երկրների հետ», — հայտարարեց նախարար Դիտրիխը: Այլ մանրամասներ, այդ թվում նախագծի իրականացման ժամկետների մասին նախարարը չհայտնեց:

Այսպիսով, Հայաստանը կլինի արդեն թվով երրորդ ԵԱՏՄ երկիրը, որը կմիանա տվյալ փորձարկմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նոր համակարգի ներդրման փորձարկում իրականացվել է Ռուսաստանում և Ղազախստանում: Ըստ նախարարի տեղակալ Ալեքսեյ Սեմենովի, փորձարկումներն անցել են բարեհաջող և լիովին հնարավոր կլինի 2019թ.-ին ներդնել այդ համակարգը: